Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած Մոմի լույսով` խավարի մեջ համատարած Կհալածես դու տեսիլքներ արևավառ Կխարխափես և խավարին չես հավատա: Արցունքներիդ միգամածին խորին տմույն Գիտես նայել արշալույսի ճաճանչներին Սգի քողի տակ հուսալից դու սիրահար` Կտառապես և վշտերիդ չես հավատա: Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք` Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա: Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա, Բայց խոցոտված քո մատներով արյունլվա Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ, Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա: Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա: Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած Մոմի լույսով` խավարի մեջ համատարած Կհալածես դու տեսիլքներ արևավառ Կխարխափես և խավարին չես հավատա: |